ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սուրբ գրքի բարերար ազդեցությունը

Սուրբ գրքի բարերար ազդեցությունը
05.06.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
(ըստ աստվածաբանության և գիտության ռահվիրաների ու նշանավոր անձանց)
Տիրոջ օրենքն անբիծ է և վերափոխում է հոգիները.
Տիրոջ վկայությունը ստույգ է և իմաստուն է դարձնում տհասներին.
Տիրոջ արդարությունն ուղիղ է և զվարճացնում է սրտերը.
Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին.
Տիրոջ երկյուղը սուրբ է և սուրբ է մնում հավիտյան.
Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և ինքնին արդար,
Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք,
նույնպես և քաղցր` մեղրից ու խորսխից ավելի։
Եվ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձքը մեծ կլինի (Սաղմ. 18.8-11)
Այս հոդվածում անդրադառնանք Սուրբ Գրքի աստվածաշնչականության ներքին ապացույցներից վերջինին` Ս. Գրքի բարերար ազդեցությանը մարդու մտքի, հոգու և սրտի վրա, որը ճանաչվում և ի հայտ է գալիս ոչ այնքան բանականությամբ, որքան ներքին փորձառությամբ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, ով ամեն օր Սուրբ Գիրքն ընթերցելու բարեպաշտ սովորությունն ունի և իր քիմքի վրա ճաշակել է նրա կենարար ազդեցությունը, կհաստատի այս ճշմարտությունը։ Բանն այն է, որ Աստվածաշունչը, մյուս գրքերի նման, տեղեկությունների, գիտելիքի և իմաստության հավաքածու չէ, թեև պարունակում է այդ բոլորը, այլ «Աստծո զորություն է` ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ 1.16)։ Նրա խոսքն օժտված է ներգործուն զորությամբ` ունակ բուժելու, մխիթարելու, իմաստնացնելու, մաքրագործելու և վերափոխելու մարդկանց հոգիները։ Մեր անմահ հոգիները, ինչպես մարմինը, սննդի կարիք ունեն, որն Աստծո խոսքն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը վկայում է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. Դ 4)։ Աստծո խոսքը, ինչպես ինքը` Սուրբ Գիրքն է վկայում.
«Մուրճ» է, որ ջարդում է մեր քարեղեն սրտերը։
«Հուր» է, որ այրում է մեր մեղսալից անմաքրությունը և ջերմացնում մեր անտարբեր սրտերը Երկնքի արքայության նկատմամբ։
«Ճրագ» է, որ լույս է տալիս մութ տեղում և իր լույսով փարատում մեր կրքերը, մոլորություններն ու տգիտությունը։
«Սերմ» է, որը հավատով ցանվելիս աճում է մեր սրտերում և պտուղներ տալիս։
Եվ վերջապես «կյանքի խոսք» է, որ շնորհում է մեզ հավիտենական կյանք։
Այս շնորհական զորությունները բխում են ոչ միայն բառերի մեջ ամփոփված իմաստներից, այլ նախ և առաջ Աստծո խոսքի կենարար էությունից։ «Կենդանի է Աստծո խոսքը,- կարդում ենք Եբրայեցիների թղթում,- ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնուծուծի բաժանման սահմանը, նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» [Եբր. Դ 12]։ Այն մանավանդ ներգործուն է, երբ Սուրբ Գիրքը կարդում ենք պարզ հավատավոր սրտով կամ երբ կյանքի բազում հարվածների և նեղությունների հորձանուտում կարիք ունենք սփոփվելու, սրբագործվելու և իմաստնանալու։ Աստծո խոսքի` մարդկային հոգու և մտքի վրա մաքրագործող, մխիթարող, խաղաղեցնող և իմաստնացնող ազդեցության մասին բազմիցս վկայել են եկեղեցու հայրերն ու վարդապետները։ Հիշատակենք սրանցից մի քանիսի վկայությունները։
«Լսե՛ք, աղաչում եմ ձեզ, բոլոր կանչվածնե՛րդ, ձեռք բերեք հոգու բժշկության գրքերը։ Եթե չեք կամենում բոլոր գրքերը, ձեռք բերեք գոնե Նոր կտակարանը, Գործք առաքելոցը, Ավետարանը` մեր մշտական դաստիարակներին։ Թե վշտացել ես, կառչի՛ր դրանց, ինչպես բալասանով լեցուն անոթի, եթե զրկվել ես ինչ-որ բանից կամ մերձավորիդ մահը, կորուստն ես տեսել, այդտեղի՛ց մխիթարություն գտիր քո դժբախտության մեջ։ Կամ կառչելուց առավել սրտիդ մեջ ընդունի՛ր և մտապահի՛ր...
Ո՛չ փառքի մեծությունը, ո՛չ իշխանության բարձրությունը, ո՛չ ընկերների ներկայությունը, ո՛չ էլ մարդկային որևէ այլ բան ի զորու չեն ամոքելու վիշտն այնպես, ինչպես Աստվածաշնչի ընթերցանությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև սրանք երկրավոր և ժամանակավոր բաներ են, ուստի և նրանց սփոփանքն էլ վաղանցիկ է, իսկ Սուրբ Գրքի ընթերցանությունը զրույց է Աստծու հետ» (ս. Հովհան Ոսկեբերան)։
«Եկե՛ք և հաղորդվեցե՛ք անգերազանցելի և իր նմանը չունեցող իմաստությանը, սովորե՛ք Աստծու խոսքից, ճանաչեցե՛ք հավիտենական Թագավորին։ Աստծու խոսքն իր զորությամբ թափանցում է մեր հոգիների մեջ։ Օ՜, ինչպիսի՜ խաղաղության բանբեր է քեզ համար, մարտնչո՛ղ հոգի։ Ինչպիսի՜ միջոց է կրքերի անագորույն պոռթկումները սանձահարելու համար։ Այս զորությունը մեզ չի դարձնում ո՛չ բանաստեղծ, ո՛չ իմաստուն, ո՛չ էլ անվանի հռետոր, այլ առաջնորդում է դեպի վեհ գաղափարներ. մեզ` մահկանացուներիս, տանում է անմահության` այսրաշխարհից ուղեկցելով դեպի անդրաշխարհ» (ս. Հուստինոս Վկա)։
«Չգիտեմ` արդյոք կարո՞ղ է նորոգվել միտքն այն մարդու, ով անտարբեր է Ս. Գրքի և հոգևոր գիտության մեջ վարժվելու նկատմամբ։ Եթե նույնիսկ այս վարժանքի միջոցով չնորոգվի այս միտքը, որն այստեղ իր գիտական ճանաչողության սահմանների ընդլայնում է փնտրում, ապա, համենայն դեպս, կնորոգվի այն միտքը, որն առաջնորդում է մեզ դեպի ազնվություն, մարդասիրություն, հավատ և կայունություն։ Ով այսպես չի նորոգում իր միտքը, նա մոլորված է և խաբված» (Որոգինես Ալեքսանդրացի)։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Տե՛ր, այս ի՜նչ գիրք է Աստվածաշունչը, ի՜նչ հրաշք, ի՜նչ զորություն կա նրանում, որ շնորհված է մարդուն։ Աշխարհի, մարդու և մարդկային բնավորության բնութագիրը ստույգ է, ոչինչ բաց չի թողնված և գրված է բոլոր ժամանակների համար։ Որքա՜ն լուծված և բացահայտված գաղտնիքներ կան նրա մեջ։ Սիրում եմ սույն գիրքը։ Առանց Աստծո խոսքի կկործանվի ժողովուրդը, քանզի նրա հոգին ծարավ է Նրա խոսքի և ամենայն գեղեցիկի ընկալմանը»։
Ֆ. Մ. Դոստոևսկի
Ռուս գրող
«Իսկ Ավետարանի ընթերցանությունից ստացած գլխավոր պարգևն այն է, որ այն սրտումս ցանեց համամարդկային խղճի սաղմեր և իմ էության խորքից կյանքի կոչեց հաստատուն, արդեն իմ սեփականը դարձած մի բան, որի շնորհիվ էլ տիրող աշխարհիկ բարքերն այլևս այնքան դյուրությամբ չէին ստրկացնում ինձ։ Այդ նոր տարրերի օգնությամբ ես ձեռք բերեցի քիչ թե շատ ամուր մի հենարան` գնահատելու համար ինչպես սեփական արարքներս, այնպես էլ ինձ շրջապատող միջավայրում կատարվող գործերն ու երևույթները։ Մի խոսքով, այլևս ձերբազատվեցի իմ անբովանդակ ապրելակերպից և սկսեցի ինձ մարդ գիտակցել։ Ավելին, գիտակցելու այդ իրավունքը ես վերապահեցի նաև մյուսներին։ Մինչ այդ ոչինչ չգիտեի ո՛չ քաղցածների, ո՛չ էլ ծարավների ու բեռնավորվածների մասին. ես ընդամենը տեսնում էի տիրող անխորտակելի կարգերի ազդեցությամբ ձևավորված մարդկանց։ Հիմա այդ թշվառներն ու անարգվածները հստակ լույսի ներքո կանգնեցին իմ առջև ու բարձրաձայն աղաղակեցին այն անարդարությունների դեմ, որոնք, բացի շղթաներից, ոչինչ չէին տվել իրենց։ Այն «իմ»-ը, որն անսպասելիորեն խոսեց իմ մեջ, հիշեցրեց ինձ, որ ուրիշները ևս ունեն նույնպիսի` դրան հավասարազոր «իմ»-եր։ Սրանով չեմ ուզում ասել, թե սիրտս վերածվեց մարդկության հանդեպ սիրո օջախի, սակայն, անկասկած, այդ պահից սկսած իմ վերաբերմունքը տան ծառաների նկատմամբ էապես փոխվեց, և ստոր ճորտական անվանակարգությունը` նոմենկլատուրան, որ մինչ այդ պղծում էր լեզուս, ընդմիշտ վերացավ։ Ես անգամ կարող եմ վստահորեն պնդել, որ այդ պահն աներկբա ազդեցություն է ունեցել իմ աշխարհայացքի հետագա ձևավորման ողջ ընթացքի վրա»։
Մ. Ե. Սալտիկով
Ռուս նշանավոր երգիծաբան

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ